28/02/2017 15:20
Թեղենիքից արտագաղթը կանխելու համար ուսուցիչը առաջարկում է զարգացնել էկոտուրիզմը
Կոտայքի մարզի Թեղենիք գյուղից մարդիկ արտագաղթում են արագ տեմպերով, ահազանգում է գյուղի միակ դպրոցի կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Գոհար Մովսիսյանը:
Գյուղի դպրոցում, որտեղ Գ. Մովսիսյանն աշխատում է 25 տարի, աշակերտների թիվը զգալի նվազել է, այժմ այնտեղ սովորում է ընդամենը 35 աշակերտ:
«Օրինակ՝ երրորդ դասարան չունենք, երեխաներ չկան: Աշակերտները հիմնականում սովորում են կոմպլեկտավորված դասարաններում: Իմ կարծիքով, գյուղի վերաբերյալ պետական ծրագիր պետք է լինի, որպեսզի մարդիկ մնան, արարեն գյուղում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Մովսիսյանը:
Գյուղում աշխատատեղեր ևս գրեթե չկան, սակայն Գ. Մովսիսյանն այն համարձակներից է, որն անտեսելով բազմաթիվ դժվարություններ, 5-6 աշխատատեղով լավաշի արտադրություն է հիմնել: Օրական արտադրում են 50-60 կգ լավաշ, և գյուղի մի քանի ընտանիքի ապահովում աշխատանքով:
«Ոչ մի աշխատատեղ չկա, իսկ երիտասարդությունը, բնականաբար, չի մնում գյուղում: Եթե աշխատատեղ լինի, ժողովուրդը շատ աշխատող է, գործ կանի», - նկատում է Գ. Մովսիսյանը:
Նրա ստեղծագործական միտքը կանգ չի առնում, և մեծ ցանկություն ունի գյուղում հյուրատներ բացել: Սակայն ֆինանսական խնդիրներ կան. «Գյուղում շատ լքված տներ կան, և դրանք պոտենցիալ հյուրատներ են, կարելի է ներդրումներ անել ու զարգացնել, բայց ֆինանսներ են պետք դրա համար»:
Նրա խոսքով, նաև էկոտուրիզմը զարգացնելու համար մեծ պոտենցիալ կա: «Ծաղկավանք կոչվող բարձր սարի վրա փոքրիկ մատուռ ունենք, ունենք Աշոտ Երկաթի ժամանակներից պահպանված բերդի ավերակներ: Մեր բնությունը հրաշք է, կարելի էր օրինակ՝ ճոպանուղի կառուցել այդ հատվածում: Լեռնային շրջաններից կարելի է երեսը շրջել դեպի այս հատված, չէ՞ որ այս տարածքները նույնպես դատարկվում են», - նշեց Գ. Մովսիսյանը:
Երևանից Թեղենիք հասնելու համար անհրաժեշտ է շուրջ մեկ ժամ և Գ. Մովսիսյանի խոսքով, զբոսաշրջիկները կարող են քաղաքային աղմուկից հանգստանան գյուղի հյուրատներում:
«Շարունակվող արտագաղթը գյուղից կանխելու համար այս պահին դա կարող է հրաշալի միջոց լինել», - նշեց նա: