28/02/2017 16:01
Իսրայելի պաշտպանության նախարարն առաջարկել է դաշինք ստեղծել Իրանի դեմ
Մերձավոր Արևելքի պետությունները պետք է կոալիցիա կազմեն նախևառաջ Իրանի դեմ պայքարելու համար: Համապատասխան առաջարկությամբ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հանդես է եկել հարցազրույցում, որը հրապարակվել է գերմանական Die Welt թերթում, փոխանցում է ТАСС-ը:
Նրա կարծիքով՝ Մերձավոր Արևելքում գիտակցել են, «որ առավել մեծ սպառնալիքը» ներկայում Իրանն է:
«Եկել է ժամանակը՝ պաշտոնական միություն, կոալիցիա ձեւավորելու ահաբեկչության դեմ՝ Մերձավոր Արևելքի բոլոր չափավոր ուժերի մասնակցությամբ, կարևոր չէ՝ խոսքը մահմեդականների, հրեաների, թե քրիստոնյաների մասին է», - ասել է նախարարը:
«Այդ դաշինքը ամենից առաջ պետք է պաշտպանի իր անդամներին: Եվ այն պետք է խիստ պատժամիջոցներ սահմանի Իրանի նկատմամբ», - նշել Լիբերմանը:
«Կարծում եմ՝ չափավոր արաբական պետությունները գոյատեւման համար Իսրայելի կարիքն ավելի շատ ունեն, քան Իսրայելը նրանց կարիքը», - հավելել է նա: