28/02/2017 15:30
Մեկ տարի հետո կխոսենք, թե իմ ղեկավարման ժամանակ ինչ գումարներ կներմուծվեն պետական բյուջե. Լևոն Յոլյան
Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Լևոն Յոլյանն անկեղծանում է՝ Վերահսկիչ պալատի աշխատանքներին դեռ ծանոթ չէ, երբ մանրամասն կծանոթանա, անելիքների մասին կհայտարարի հրապակայնորեն։
«Նախևառաջ թիրախները որոշելիս մենք պետք է ուսումնասիրենք այսօրվա դրությամբ տեղի ունեցող գործընթացները: Շուրջ մեկ տարի է՝ մենք ունենք Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագիր, ունենք հնարավորություն, որ թույլ է տալիս ինքնուրույն ծրագրեր ու թիրախներ մշակել, այդ ամենի մասին կտեղեկացնենք», - ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Դիտարկմանը, եթե լինեն կարևորագույն բացահայտումներ, արդյոք կհրապարակի, թե կվախենա դրանց մասին բարձրաձայնել, Լ. Յոլյանը նշեց. «Մենք բացահայտումներ պետք է անենք մեր փաստղաթղթերով, պետք է ապահովենք ստուգումների հիմնավորումն ու խորությունը, իսկ հանրությունը, նյութից ելնելով, կարող է հետևություն անել, թե ինչ է կատարվում»:
Լևոն Յոլյանը խորհուրդ տվեց իր աշխատանքի մասին հետևություններ անել որոշ ժամանակ անց. «Մեկ տարի հետո կխոսենք այն մասին, թե իմ ղեկավարման ժամանակ ինչ գործեր ու արդյունքներ կլինեն, ինչ գումարներ կներմուծվեն պետական բուջե»: