28/02/2017 13:06
Կապանում փլուզված շենքեր չկան, որևէ մեկին վտանգ չի սպառնում. Վազգեն Սաղաթելյան
Կապանում իրավիճակը ամբողությամբ վերահսկողության տակ է, Facebook-ի իր էջում գրել է Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրանցված երկրաշարժին։
«ԱԻՆ-ի պահանջով՝ ելնելով անվտանգության նորմերից, բոլոր դպրոցներից, բուհերից, պետական և մասնավոր հիմնարկներից մարդիկ շատ կազմակերպված մեկ ժամով դուրս են եկել շենքերից։ Այս պահին արդեն վերադառնում են իրենց ուսմանը, աշխատանքին։ Բոլոր ուժային կառույցները և շտապ օգնության ծառայությունը աշխատում են ուժեղացված ռեժիմով», - գրել է Վազգեն Սաղաթելյանը։
Տեղեկությունն այն մասին, որ կան փլուզված շենքեր, ըստ Սաղաթելյանի, չի համապատասխանում իրականությանը։
«Մարզպետն ինքն անձամբ այցելել է թիվ 10 միջնակարգ դպրոց, որի մասին համացանցում տեղեկություն էր տարածվել, թե իբրև փլուզումներ կան և համոզվել, որ շենքը կանգուն է, երեխաներին չի սպառնում ոչ մի վտանգ և իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է», - նշել է Վազգեն Սաղաթելյանը։