28/02/2017 15:14
ՀԷՑ-ը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնին նոր սարքավորումներ է նվիրել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Հանրապետական բժշկական կենտրոնին նվիրել է ժամանակակից բուժական և ախտորոշիչ սարքավորումներ՝ նեյրոմիոգրաֆ, ուռետրոռենոսկոպ, նեֆրոսկոպ, թերապևտիկ դուադենոսկոպ, ռենտգեն պաշտպանիչ սավաններ, ինչպես նաև էնդոսկոպիկ վիրահատական սարքավորումներ և գործիքներ:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջիններիս կիրառումը հնարավորություն կընձեռի երիկամների, միզածորանի, միզապարկի և շագանակագեղձի վիրահատությունները և տարբեր միջամտությունները կատարել առանց կտրվածքների և առանց մեծ վնասվածքների: Այն առաջընթաց քայլ է Արցախի առողջապահության համակարգում, որը վիրաբուժության զարգացման նոր հեռանկարներ կուրվագծի:
Օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում գործարկվեցին նոր սարքավորումները. Երևանից ժամանած մասնագետը` «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուրոլոգ Միքայել Մանուկյանը, տեղի վիրաբույժների հետ միասին կատարեց առաջին երեք վիրահատությունները:
Մասնագիտական թիմը նորագույն մեթոդներին ամբողջությամբ տիրապետելու համար հետևողականորեն շարունակելու է կատարելագործել ունակությունները: