28/02/2017 14:06
Մարտի 1-ի հանրահավաքի հարթակին պիտի լինեն մարդիկ, ովքեր հենց այդ օրը իրենց տանը թեյ էին խմում. ՀԱԿ-ը մերժել է Փաշինյանին
Մարտի 1-ի գործի բացահայտման մի պայման կա՝ պետք է քաղաքական իրավիճակ փոխվի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Որովեհտև Մարտի 1-ի գործը չի բացահայտվում քաղաքական պատճառներով ու այս կոնտեքստում պետք է դիտարկել խնդիրը», - նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմայով տեղեկություն ունի լրագրողներին հայտնելու։
«Մենք նախորդ տարիներին էլ կոչ ենք արել, որ Մարտի 1-ի օրը չպետք է լինի քաղաքական ուժի մենաշնորհ, ու մենք պատեհ էլ չենք համարոմ, որպեսզի Մարտի 1-ի օրը քաղաքական ուժերը Ազատության հրապարակի համար կռիվ տան», - ասա նա։
Նիկոլ Փաշինյանը տեղեկարեց, որ «Ելք» դաշինքը փորձել է բանակցել ՀԱԿ-ի հետ, որպեսզի դաշինքը մասնակցության ու հանդես գալու հնարավորություն ունենա Մարտի 1-ի հանրահավաքին։
«Բայց Հայ ազգային կոնգրեսի գործընկերները քննարկել են ու պաշտոնապես մերժել են մեր առաջարկը՝ պատճառաբանելով, թե, իբր, Մարտի 1-ի զոհերի հարազատները դեմ են նման ֆորմատին», - ասաց նա։
Փաշինյանը, սակայն, զրուցել է զոհերի հարազատների հետ, ովքեր ասել են, որ չէին կարող դեմ լինել «Ելք» դաշինքի հանդես գալուն։
«Վաչագան Ֆարմանյանն է ասել, որ դեմ է, իհարկե, նա ավելի մեծ կապերով է կապված ՀԱԿ-ի հետ», - ասաց ԱԺ պատգամավորը՝ շեշտելով, որ նման պահվածքը տգեղ է։
«Ստացվում է այնպես, որ Մարտի 1-ի հանրահավաքի հարթակին պիտի լինեն մարդիկ, ովքեր հենց այդ օրը ոչ թե հարթակում էին, այլ իրենց տանը թեյ էին խմում», - հավելեց Ն. Փաշինյանը։