28/02/2017 13:46
Թեկնածուներ կան, որ կախվում են ընտրողների թևերից՝ «վայ, գիտես, ընտրող ջան, մեզ հավատա, մենք լավ բանան ենք բերում». Փաշինյան
ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի ցուցակի երրորդ համար Նիկոլ Փաշինյանի համար ընտրության գլխավոր սուբյեկտն ընտրողն է։
«Ի վերջո, ընտրողը իր ընտրությամբ ի՞նչ է որոշում, եթե որևէ ընտրող մեզ ընտրելով պետք է ինձ լավություն անի, ես կոչ եմ անում չընտրել մեզ, թող գնան ընտրեն բանանի, շաքարի, լավաշի բաներին», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
«Թեկնածուներ կան, որ կախվում են ընտրողների թևերից՝ «վայ, գիտես, ընտրող ջան, մեզ հավատա, մենք լավ բանան ենք բերում, ձեզ էլ բանան կտանք, կամ փող կտանք», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ընտրությունը լավություն անելու գործ չի, այլ ապագայի որոշման գործ է։
Անդրադառնալով դաշինքի կողմից կազմակերպված դրամահավաքին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Քաղաքական այլ ուժեր հիմա փող են բաժանում, որպեսզի այդ փողի գործադրմամբ գան իշխանության ու հետ հավաքեն իրենց բաժանած փողերը, մենք այս պահին հանրությունից ֆինանսական աջակցություն ենք ակնկալում, որպեսզի այդ գումարի գործադրմամբ հասնենք իշխանության և մեր գործունեության արդյունքում այդ ներդրումը վերադարձնենք հանրությանը՝ որպես զարգացող պետություն, որպես մենաշնորհներ չունեցող պետություն»։