28/02/2017 14:17
Մինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները. Ջեյմս Ուորլիք
Միջազգային միջնորդները պետք է օգնեն ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը, «Ամերիկայի ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:
«Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաև բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին», - ասել է նա:
Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, որ միջնորդները ջանքեր չեն խնայում, որպեսզի օգնեն կողմերին հարգել հրադադարը և խուսափեն զոհերից:
«Ես հույս ունեմ, նախագահները կհամաձայնեն հանդիպել և բանակցային գործընթացն առաջ կընթանա: Դեկտեմբերի վերջում, երբ ես հեռացա համանախագահողի պաշտոնից, սեղանի վրա հետաքրքիր առաջարկներ կային, առաջարկներ, որոնք երկու կողմերի միջև քննարկման հնարավորություններ կստեղծեն», - նշել է նա:
Դեսպան Ուորլիքի խոսքով, մինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները. «Ապրիլին մենք տեսանք մեծաքանակ զոհեր և նույնիսկ այսօր ես համոզված չեմ, թե մենք հստակ գիտենք, որքան զոհ է եղել»:
Սակայն, նշում է դեսպանը, պատերազմի ժամանակն անհրաժեշտ է անցյալում թողնել, այժմ խաղաղության ժամանակն է։