28/02/2017 17:17
Մարդասիրական օգնությունը նվազագույնն է, որ կարող ենք անել բարեկամ Սիրիայի ժողովրդի համար. Սերժ Սարգսյան
Սիրիական ճգնաժամի օրերից մինչև այսօր Հայաստանն ապաստան է տվել շուրջ 20 հազար սիրիահայ փախստականի, այսօր Բրյուսելում` «Կարնեգի» կենտրոնում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ցավով եմ այս բառն արտասանում, քանի որ նրանք մեր ընկալման մեջ փախստականներ չեն: Նրանք մեր մի մասնիկն են, որ պատմական զարգացումների բերումով ժամանակին փրկություն են գտել Սիրիայում: Այսօր, ողբերգական աշխարհաքաղաքական անցքերի արդյունքում նրանք ապաստանել են մեզ մոտ», - ասաց Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա:
«Օգնությամբ բեռնված հերթական օդանավն օրեր առաջ վայրէջք կատարեց սիրիական հողում: Այն նախատեսված է ոչ միայն մեր սիրիահայ հայրենակիցների համար, այլև բոլոր սիրիացիների՝ անկախ կրոնական և էթնիկական պատկանելությունից: Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել՝ ի երախտագիտություն մեր բարեկամ Սիրիայի ժողովրդի, որը ժամանակին իր դռները բացեց ցեղասպանությունը վերապրած հայերի համար», - ամփոփեց Սերժ Սարգսյանը: