28/02/2017 16:55
Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական աղբյուրը մարդկային կապիտալն է. Սերժ Սարգսյան
Վերջին տարիների զարգացումները փաստում են, որ Հայաստանը կարողացավ սուղ ռեսուրսների պայմաններում ձևավորել ճկուն տնտեսական համակարգ, Բրյուսելում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ հաջողությունները գալիս են ապացուցելու, որ Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական աղբյուրը մարդկային կապիտալն է:
«Որպես օրինակ՝ բերեմ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտը, որ վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչներից մեկը: Այս ոլորտում Հայաստանում աշխատում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, «ԱյԲիԷմը», «Սիսկոն», «Դ-Լինկը», «Օրաքլը», «Սինոփսիսը», «Մենթոր Գրաֆիքսը» և այլն: Այս ոլորտում Հայաստանում գործում է շուրջ 400 կազմակերպություն, զբաղվածների թիվը հասնում է 15 հազարի: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանայք ամենաներգրավվածներից են աշխարհում։ Այս ուղղությամբ տարեկան մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% միջին աճ: ՀՆԱ-ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4%, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ», -մանրամասնել է ՀՀ նախագահը։
Նա ընդգծել է, որ տնտեսական զարգացման ստանդարտ մոդելներով դժվար է ապահովել առաջընթացի այն մակարդակը, որը թույլ կտա դիմագրավելու առկա համաշխարհային մարտահրավերները:
«Ուստի, մեզ անհրաժեշտ էր նոր տեսլական՝ նորարարական մոտեցումներով և լուծումներով: Մենք կարողացանք ձևավորել հանքահումքային ռեսուրսներից անկախ տնտեսական համակարգ», - ասել է Ս. Սարգսյանը։
Հայաստանի նախագահը նշել է, որ ի տարբերություն տարածաշրջանի մի շարք երկրների, որոնցում վերջին տարիների տնտեսական ճգնաժամը հանգեցրեց տնտեսության ապակայունացման, ազգային տարադրամի արժեզրկման՝ Հայաստանն ապացուցեց, որ նույնիսկ շրջափակման և ռեսուրսային սահմանափակման մեջ գտնվելով՝ կարողացավ ձևավորել կայուն և կանխատեսելի տնտեսություն, գրանցելով առաջընթաց մի շարք միջազգային ինդեքսներով, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017», ինչպես նաև վարկանիշային «Ֆիտչ» գործակալության վերջին զեկույցներում:
««Դուինգ բիզնես 2017» զեկույցի համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը հինգ հորիզոնականով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում», - տեղեկացրել է Ս. Սարգսյանը։
Նա իր ելույթում ընդգծել է, որ ՀՀ նոր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել երկրի ճանաչելիության մակարդակն ու ներդրումային գրավչությունը, հատկապես եվրոպական ներդրողների համար, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, պետության կողմից համակողմանի աջակցություն ցուցաբերել այն գործարար նախագծերին, որոնք թույլ կտան ապահովել արագ տնտեսական աճ: