28/02/2017 11:57
Սյունիքում երկրաշարժից հետո չկա խուճապ, մարդիկ շենքերը լքել են՝ անվտանգության նորմերից ելնելով. Վազգեն Սաղաթելյան
Սյունիքում այսօր տեղի ունեցած երկրաշարժից հետո չկա խուճապ կամ վախի մթնոլորտ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:
«Իրավիճակը հետևյալն է. երկրաշարժից հետո` ելնելով անվտանգության նորմերից, մարդկիկ փակ տարածքներից դուրս են եկել: Բայց չկա ինչ-որ խուճապ կամ վախի մթնոլորտ, սա պարզապես անվտանգության նորմեր են: Դպրոցներում, բուհերում, հիմնարկներում մարդիկ կազմակերպված լքել են շենք շինությունները», - ասաց Վ. Սաղաթելյանը:
Կապանի Շինարարների դպրոցը, Լուսանկարը` «Խուստուփ ԹՎ»-ի տնօրեն Սասուն Մանուկյանի Facebook-ից
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: