28/02/2017 14:25
Իշխանությանը չսիրելու օբյեկտիվ պատճառը տարիներ շարունակվող մասսայական թալանն է. Կարեն Կարապետյան
Հանրությունն այսօր դժգոհ է ոչ միայն իշխանությունից, այլ բոլոր քաղաքական ուժերից, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը։
«Պատճառները հասկանալի են, որովհետև լինում են պատվիրված ընդդիմություններ, որոնք գնում են հանրությանը սուտ խոստումներ են տալիս, գալիս են այստեղ մեկ այլ դաշտում են աշխատում՝ իբրև ընդդիմություն, բայց մեկ այլ բան են անում։ Հանրությունը կամաց-կամաց այս ամենը հասկանում է», - ընդգծեց նա։
Նա նշեց, որ ընտրապայքարին պատրաստվում է հանրությանը ներկայանալ իր անցյալով և արած-չարածով:
«Ժողովուրդն ինքը կորոշի աջակցի, թե՝ ոչ», - ասաց նա՝ կոչ անելով իրեն ընկալել որպես պետական գործիչ, այլ ոչ կուսակցական։
Վերջինս չհերքեց, որ ՀՀԿ-ից այս պահին հանրության շրջանում կան դժգոհություններ, որը նաև իր ձայների վրա կարող է ազդել։
«Չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառը տարիներ շարունակվող մասսայական թալանն է։ Նման մարդկանց ձեռքերը պիտի բռնել։ Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան։ Ուզում են լավ ապրեն, խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղն ու պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսներն ու գործիքները ձեր անձնական շահերը սպասարկելու համար օգտագործեք», - ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով նույն ընտրատարածքում միևնույն քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուների միջև եղած լարվածությանը՝ Կարեն Կարապետյանն ասաց.
«Դաշտը ազատ է, բոլորը պայքարում են, բայց չեն պայքարում իրար դեմ։ Իմ սկզբունքը հետևյալն է՝ մենք, այդ թվում՝ ես, որևէ մեկի դեմ չեմ աշխատում։ Մենք ընդամենը աշխատելու ենք մեզ կողմ և հանրությանը ներկայացնելու ենք այն, ինչ արել ենք տարիների ընթացքում»։