01/03/2017 17:52
Որևէ օրենք չի սահմանափակում Կարեն Կարապետյանին մասնակցել կուսակցության քարոզարշավին. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ քարոզարշավին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված նախարարների հետ միասին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թեև Կարեն Կարապետյանը ընդգրկված չէ ցուցակում, բայց դա չի խոչընդոտում նրան մասնակցել քարոզարշավին։
«Եթե մենք գնայինք ընտրախախտումների ճանապարհով, ապա Կարեն Կարապետյանը կլիներ ցուցակում։ Նա չկա ցուցակում միայն այն պատճառով, որ կա ժամկետի հետ կապված սահմանափակում, բայց որևէ օրենք չի սահմանափակում կուսակցոթյան նախագահի առաջին տեղակալին մասնակցել կուսակցության քարոզարշավին, ուստի նա օրենքով սահմանված կարգով կմասնակցի ՀՀԿ քարոզարշավին այնպես, ինչպես կմասնակցեն Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և մնացածները», - ընդգծեց նա։
Դիտարկմանը, թե արդյոք ակնկալվում է, որ Կարեն Կարապետյանի մասնակցությունը միտված է բարձրացնել հանրության շրջանում Հանրապետականի նկատմամբ դրական վերաբերմունքը, Է. Շարմազանովը նշեց.
«Ոչ միայն նրա, այլ բոլոր Հանրապետականնների մասնակցությունը քարոզարշավին դրական ազդեցություն կունենա։ Մենք չենք տարանջատում Հանրապետականներին լավ ու վատի. կա ամբողջական ՀՀԿ թիմ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ։ Բոլորս մի օրգանիզմ ենք, բոլորս կատարում ենք նույն գործը՝ հանուն ՀՀ անվտանգության ուժեղացման, հզորության և տնտեսության առաջընթացի»։