02/03/2017 12:07
«Հաց բերողի» առողջության պահպանման հարցը մեզ համար առաջնային է. Արման Թաթոյան (Տեսանյութ)
Ավելի արդյունավետ կլինի, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանի բուժումը կազմակերպվի քաղաքացիական հիվանդանոցային պայմաններում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Սակայն, ինչպես հայտարարել էր ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունը, Արթուր Սարգսյանը հրաժարվել է բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում:
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը արդեն 21 օր է, ինչ հացադուլի մեջ է:
«Մեր աշխատակիցներն այսօր առավոտ շուտ եղել են «Դատապարտյալների հիվանդանոցում», ստուգել ենք բոլոր հանգամանքները: Արթուր Սարգսյանը նաև մեր աշխատակիցներին է ասել, որ հրաժարվում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Նրա առողջության պահպանման հարցը ինձ, նաև մեր աշխատակիցների համար առաջնային է», - հավելեց Արման Թաթոյանը: