03/03/2017 13:27
Եթե Ադրբեջանը ցանկություն ունի ստատուս քվոն փոխելու, դրա հնարավոր տարբերակը ԼՂ անկախության, ինքնորոշման ճանաչման էլեմենտն է. Կարեն Բեքարյան
Ղարաբաղյան հարցի հետ կապված այսօր ունենք շատ անհանգիստ ու շատ անկայուն իրավիճակ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմով ու ներկա սրացումներով Ադրբեջանը հետ է մղում քաղաքական բանակցային գործընթացը՝ դրան գումարելով նաև պայմանավորվածություններից հրաժարվելու ձեռագիրը։
«Եթե Ադրբեջանը ցանկություն ունի ստատուս քվոն փոխելու, դրա հնարավոր տարբերակը Լեռնային Ղարաբաղի անկախության, ինքնորոշման ճանաչման էլեմենտն է», - նշեց Կ.Բեքարյանը։
Նա շետեց՝ Ադրբեջանի այն սին պատրանքները, որ հնարավոր է սրացումների, անհանգստության որոշակի մարդկային կյանքերի, հումանիտար աղետների միջոցով ինչ-ինչ դիվիդենտներ քաղել՝ թե հայկական կողմերից, թե միջազգային հանրությունից, շատ հստակ էր, որ դա չի աշխատում և Հայաստանը դրան չի գնալու։
Կարեն Բեքարյանը նշեց, որ այս համատեքստում ՀՀ նախագահը Բրյուսել կատարած այցի ժամանակ հստակ ասաց՝ «երբ պահը գա ու սրացումները բերեն պատերազմի, Հայաստանը, որպես ԼՂ անվտանգության երաշխավոր, չի խորշելու օգտագործել իր ողջ զինանոցը»։
«Սա այն հստակեցումների ամբողջական փաթեթն էր, որին մենք ականատես եղանք ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում», - ասաց նա։
Կ. Բեքարյանի խոսքով՝ ՀՀ նախագահի այս ուղերձը կարևոր էր ոչ միայն դեպի եվրոպական գործընկերներ, եվրոպական հանրություն, այլև սա ուղերձ էր նաև դեպի Ադրբեջան, սա ուղերձ էր նաև դեպի համանախագահող երկրներ։