06/03/2017 10:23
Վարչապետի հանձնարարականի հետքերով. 45 համայնք ներառվել է միջմարզային և ներմարզային երթուղիների ուղեգծերում
2016 թվականի հոկտեմբերի 20-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել էր ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրանսպորտի հարցը։
«Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքը: Հանձնարարում եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով», - ասել էր վարչապետը:
Aysor.am-ը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հետաքրքրվել է ՝ ի՞նչ աշխատանքներ են կատարվել հանձնարարականի վերաբերյալ, ի՞նչ առաջարկություններ է նախարարությունը ներկայացրել խնդրի հստակ կարգավորման հետ կապված։
Նախարարության հասարակության հետ կապերի բաժնից Aysor.am-ին փոխանցեցին, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը տրանսպորտային սպասարկմամբ ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ։
«Կազմակերպվել են քննարկումներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ մարզպետարանների հետ, ճշգրտվել են տրանսպորտային սպասարկում չունեցող համայնքները, կատարվել են փաստացի ուսումնասիրություններ՝ չսպասարկվելու պատճառները, ինչպես նաև ուղևորահոսքը և ճանապարհների վիճակը պարզելու ուղղությամբ», - հայտնեցին նախարարությունից։
Aysor.am-ին տրված տեղեկության համաձայն՝ կազմակերպվել է հանդիպում միջմարզային և ներմարզային փոխադրումներ իրականացնող խոշոր փոխադրողների հետ։
«Այդ ամենի արդյունքում 45 համայնք արդեն իսկ ներառվել է միջմարզային և ներմարզային երթուղիների ուղեգծերում»,-փոխանցեցին նախարարությունից։
Ըստ նախարարության՝ սպասարկվող համայնքների համար մշակվել է երթուղիների ցանց, խնդրի վերջնական լուծման նպատակով կատարվում են օրենսդրական փոփոխություններ։
«Նախարարության կողմից իրականացվող միջոցառումները քննարկվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ կառավարության աշխատակազմի հետ», - հավելեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։