09/03/2017 14:45
«Ծառուկյան» դաշինքն ընդունում է ԿԸՀ զգուշացումը. Քաղաքացիներին սոցիալապես աջակցելու խոստումները կիրականացվեն միայն ընտրություններից հետո
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին զգուշացրել են, որ Տավուշի մարզում բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելը քարոզչության կանոնների խախտում է։
«Նախազգուշացում է կիրառվել, նշվել է նաև, որ նման դեպքեր կրկնվելու դեպքում ԿԸՀ-ն համապատասխան վարույթ կհարուցի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը։
Նա նաև, օրենքին հղում անելով, նշեց, որ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրույթուններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձանց կամ նրանց անունից ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ, մատուցել կամ խոստանալ, որ կմատուցեն ծառայություններ։
Aysor.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից Տավուշի մարզում պատգամավորության թեկնածու Հայկ Ղուկասյանը նշեց, որ իրենք ընդունում են ԿԸՀ զգուշացումն ու ոչ մի քայլի չեն դիմելու:
«Մենք, միանշանակ, կողմ ենք, այո, մենք ոչ մի քայլի չենք դիմելու։ Մեր խոստումներն իրականացնելու ենք ընտրություններից հետո։ Պարոն Ծառուկյանը, «Ծառուկյան» դաշինքն օրենքը չեն խախտելու, օրենքի սահմաններում մենք մեր գործն անելու ենք ընտրություններից հետո», - ասաց պատգամավորության թեկնածուն։
Նա նշեց, որ Տավուշի մարզ Գագիկ Ծառուկյանի այցելությունից հետո, իրենք արդեն ստացել են սոցիալական աջակցության վերաբերյալ 600-ից ավելի զանգ։ Քաղաքացիները տեղեկացվել են, որ իրենց տրված խոստումները կիրականացվեն ընտրություններից հետո։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում Գագիկ Ծառուկյանի հանրահավաքից հետո նրան են մոտեցել բազմաթիվ քաղաքացիներ, ում նա խոստացել է աջակցել ուսման վարձեր, կոմունալ ծախսեր վճարելով և խոստումն իրականացնելու համար հորդորել դիմել տեղի թեկնածու Հայկ Ղուկասյանին։