13/03/2017 17:40
Երանոսյանը փակ գանգուղեղային տրավմայով գտնվում է նյարդաբանական բաժանմունքում
Ջրառատ գյուղում մարտի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով Լեռնիկ Երանոսյանը փակ գանգուղեղային տրավմա է ստացել: «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Երանոսյանը փակ գանգուղեղային տրամվայով պառկած է նյարդաբանական և նեյրովիրաբուժական բաժանմունքում:
«Նրան երեկ գիշերը հիվանդանոց բերել են այդ վիճակում: Դժվար է ասել՝ երկար կմնա՞ թե ոչ: Նա այժմ բժիշկների հսկողության տակ է ու համապատասխան բուժում է ստանում», - փոխանցեց Գնունին:
Նշենք, որ Լեռնիկ Երանոսյանը Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրն է:
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր Ջրառատում տեղի ունեցած միջադեպին. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ուշ գիշերը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում էր, որ դաշինքի համակիրների ուղղությամբ Ջրառատի գյուղապետի կողմնակիցները կրակոցներ են արձակել:
«Ջրառատ գյուղում անցկացրած հաջող քարոզարշավից և գյուղացիների ջերմ ընդունելությունից, «թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։
«Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:
Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին», -հայտարարել էր դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ վստահեցնելով, որ տեղի ունեցած միջադեպին համապատասխան ընթացք կտրվի: