15/03/2017 09:45
Ծառուկյանի շտաբը պարբերաբար բարձրացնում է ընտրակաշառքի չափը. SAS-ի Արտակը սպասման մեջ է. ՀԺ
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Երևանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ Սասի Արտակի շտաբի աշխատողները շրջում են Արաբկիր համայնքի բնակիչներին տներն ու նրանց համագործակցություն առաջարկում: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Նրանք ցուցակագրում են բնակիչներին և նրանց առաջարկում ապրիլի 2-ի ընտրություններին ընտրել Արտակ Սարգսյանին, փոխարենը վերջինս շնորհակալություն կհայտնի: Բնակիչներից մեկը թերթին հայտնել է, որ շտաբի աշխատողն իրեն փոխանցել է, թե պարզապես դեռ չգիտեն՝ որքան գումար են տալու, առայժմ Ա. Սարգսյանին ընտրել ցանկացողների անուններն են գրանցում, իսկ երբ ընտրությունների օրը մոտենա, գումարի չափն էլ կճշտեն:
Թերթի զրուցակցի հարցին, թե ինչով է պայմանավորված այդ չափը, Արտակ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչը պատասխանել է, թե Գագիկ Ծառուկյանի շտաբի որոշումներից, քանի որ այստեղ պարբերաբար բարձրացնում են մեկ ձայնի համար տրվող ընտրակաշառքի չափը: Եվ առայժմ որոշում կա սահմանափակվել առավելագույնը 100 դոլարով: Թերթին չի հաջողվել Ա. Սարգսյանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, փոխարենը ՀՀկ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը հերքել է ամենը և խորհուրդ տվել նման դեպքերում դիմել իրավապահ մարմիններին: