16/03/2017 11:40
Միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքն է՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն. Տիգրան Բալայանը պատասխանել է Ալիևին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընդունված որոշումների իրագործման հիմնարար սկզբունքը մեկն է՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն:
«Ակնհայտ փաստ է, որ հենց Ադրբեջանն է անտեսում միջազգային ձևաչափերի, առաջին հերթին, ղարաբաղյան կարգավորման միջազգայն մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները, բոլոր հնարավոր միջոցներով փորձում խափանել դրա իրագործումը։ Ամենակարևոր մեխանիզմը, որի մասին լռում է ադրբեջանական կողմը, դա միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքն է՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն», - Aysor.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորում խաղաղ ճանապարհով, սակայն նշել է, որ միջազգային հանրության որոշումների և բանաձևերի իրագործման մեխանիզմներ չկան, ինչը նվազեցնում է միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունը:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարությունը, որ Հայաստանը 2016-ի հունիսից խուսափում է բանակցություններից և հայկական կողմի նախապայմանները բանակցությունների վերսկսման համար անընդունելի են, Տիգրան Բալայանն ընդգծեց.
«Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ոչ միայն այս, այլև նրա հայտարարությունների և մեկնաբանությունների գերակշիռ մեծամասնությունը այնքան հիմնազուրկ են և անհեթեթ, որ դրանք ոչ միայն մեկնաբանելու, այլև դրանց անդրադառնալու կարիք չկա։ Հուսով եմ, որ նա կշարունակի աշխատել նույն ոճով»։