20/03/2017 10:55
Վարչապետի հանձնարարականի հետքերով. Ֆինանսների նախարարությունը գույքահարկի համակարգում նոր մեխանիզմներ է մշակում
2016 թվականի դեկտեմբերի 8-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հանձնարարել էր չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված լուծումներ առաջարկել:
Կարեն Կարապետյանը ֆինանսների նախարարին հանձնարարել էր շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկություններն, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 2017 հունվարի 31-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ։
Aysor.am-ը նախարարությունից հետաքրքրվել է՝ մինչև այժմ ի՞նչ առաջարկություններ է նախարարությունը ներկայացրել խնդրի հստակ կարգավորման հետ կապված և օրենսդրական ի՞նչ նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարության աշխատակազմ։
Ֆինանսների նախարարության եկամուտների վերլուծության բաժնից Aysor.am-ին տեղեկացրին, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը պարապուրդում գտնվող գույքի մասնակցության խթանման նպատակով գույքահարկով հարկման մեխանիզմների վերանայման ծրագրային դրույթի իրագործմանն ուղղված աշխատանքները ՀՀ ֆինանսների նախարարության կողմից դեռևս շարունակվում են:
«Վերոնշյալ ծրագրային դրույթի իրագործման և ՀՀ վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 8-ի կառավարության նիստում տրված հանձնարարականի կատարման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ», - փոխանցեցին նախարարությունից։
Նախարարության տվյալների համաձայն՝ անշարժ գույքի հարկի հարկման բազայի, դրույքաչափերի և պարտավորությունների կատարման նոր մեխանիզմների մշակման աշխատանքների ընթացքում ուսումնասիրվել և համադրվել են գույքային հարկերի կապակցությամբ տարբեր երկրների փորձը:
«Ուսումնասիրված վերոնշյալ փորձի հիման վրա, ելնելով ՀՀ առանձնահատկություններից, անշարժ գույքի հարկի արդյունավետ համակարգի ձևավորման նպատակով ստեղծված շահագրգիռ բոլոր մարմինների ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական աշխատանքային խմբի պարբերական հանդիպումների և քննարկումների արդյունքում մշակվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք նպատակ ունեն մի կողմից ստեղծել պայմաններ, որպեսզի պարապուրդում գտնվող գույքը մասնակցի ՀՀ տնտեսության մեջ ավելացված արժեքի ստեղծմանը, դրանով իսկ նպաստելով տնտեսական աճին, մյուս կողմից ձեռնպահ մնալ փաստացի աշխատող գույքի համար հարկման ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելուց», - հայտնեցին նախարարությունից։
Aysor.am-ին տրված տվյալների համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման համակարգի վերանայման կապակցությամբ քննարկումները կազմակերպվել են ոչ միայն նշյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակներում, այլ նաև ՀՀ վարչապետի և փոխվարչապետի մոտ տեղի ունեցած մի շարք աշխատանքային հանդիպումների շրջանակներում:
«ՀՀ վարչապետի և փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հիշյալ աշխատանքային հանդիպումների շրջանակներում տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարությունն, ըստ էության, ամփոփում է անշարժ գույքի հարկի համակարգի վերանայման հնարավոր տարբերակների մշակմանն ուղղված աշխատանքները: Ներկա պահին աշխատանքներ են տարվում այդ տարբերակներից յուրաքանչյուրի ընդունման արդյունքում հարկային բեռի հնարավոր փոփոխությունների ուսումնասիրությունների և վերլուծությունների ուղղությամբ», - նշեցին ֆիննախից՝ հավելելով.
«Նշյալ վերլուծություններն ավարտելուց և դրանց համապատասխան ներկայացված առաջարկությունները որոշակիորեն վերանայելուց հետո անշարժ գույքի հարկի հարկման համակարգի վերանայմանն ուղղված մեր վերոնշյալ առաջարկությունները և համապատասխան իրավական ակտերի նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման»։