23/03/2017 16:21
«Իգլա» համալիրի՝ ՀՀ տեղափոխելու նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար ՀՀ ԱԱԾ-ն աշխատում է Վրաստանի իրավապահների հետ
Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն: