23/03/2017 13:27
Իրավական դաստիարակության համար Արդարադատության նախարարությունը կստեղծի անհրաժեշտ հիմքեր
Արդարադատության նախարարությունը կստեղծի անհրաժեշտ հիմքեր՝ իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգի ձևավորման, իրավաբանական կրթության զարգացման միջոցառումների մշակման և իրականացման համար:
«Նախատեսվում են նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ապահովել բարձր իրավագիտակցությամբ օժտված քաղաքացիների դաստիարակությունը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իրավունքի ոլորտում միջին մասնագիտական իրավաբանական կրթության նախատեսումն ու զարգացումը կնպաստի պետական համակարգի առանձին մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Ըստ ներկայացվող նախագծի՝ բարձրագույն իրավաբանական կրթության ոլորտում բարեփոխումները կապահովվի՝ որակյալ իրավաբանական կրթության ապահովում և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստում, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակների կատարելագործում և գիտական ներուժի լիարժեք օգտագործում, իրավաբանական կրթության միջազգայնացման, միջազգային չափորոշիչներին դրա համապատասխանության ապահովում:
Կառավարությունը հաստատեց նախարարի ներկայացրած նախագիծը։