23/03/2017 16:10
Ճիշտ կլիներ, որ Արտաշատում վարչապետին դիմավորեր Հովիկ Աբրահամյանի որդին. Ալիկ Սարգսյան
Արարատի մարզի Հանրապետական կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ եթե ՀՀԿ անդամ չլիներ, բայց Արտաշատի քաղաքապետ աշխատեր, միևնույն է՝ երեկ մարզ այցելած վարչապետին կդիմավորեր:
«Ճիշտ կլիներ, եթե երեկ այստեղ այցելած վարչապետին իր քաղաքում քաղաքապետը դիմավորեր», - ասաց Ալիկ Սարգսյանը, որն այսօր քարոզչություն էր իրականացնում Արտաշատում։
Երեկ Արարատի մարզ էր այցելել Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը, վերջինիս, սակայն, համայնքի ղեկավարը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը, չդիմավորեց։
«Ես հասկանում եմ, նա հիմա այլ կուսակցություն է ներկայացնում։ Թեկուզ որ ընդուներ, դրա մեջ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում։ Եթե ես լինեի, կդիմավորեի: Ճիշտ կլիներ, եթե քաղաքապետն իր քաղաքում դիմավորեր վարչապետին, բայց որոշումը, բնականաբար, իրենն է։ Երևի հարմար չի եղել կամ զբաղված է եղել», - ասաց Ալիկ Սարգսյանը։