23/03/2017 18:31
Արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով
ՀՀ անասնապահությամբ զբաղվող համայնքներում առկա են արոտավայրերի բարելավման, գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման խնդիրներ: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 1-ին և 2-րդ ծրագրերի նպատակն արոտավայրերի բարելավումն ու անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:
Ծրագրերի շրջանակում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր, իսկ համայնքներում ստեղծված կոոպերատիվների համար ձեռք է բերվել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում:
Առաջարկվում է ծրագրերի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգերը և ձեռք բերված տեխնիկան նվիրաբերել համապատասխան համայնքներին ու կոոպերատիվներին: Արդյունքում հանրապետության 37 համայնքի արոտավայրեր կապահովվեն ջրարբիացման համակարգով, կբավարարվի 46 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկը, մեկ կոոպերատիվ կունենա անհրաժեշտ բեռնատար ավտոմեքենա և կբարձրանա կոոպերատիվների կանոնադրական գործունեության արդյունավետությունը, էականորեն կբարելավվի ծրագրի շահառու հանդիսացող 59 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը: