23/03/2017 15:05
Սամվել Բաբայանի ձերբակալության որոշումը չի բողոքարկվելու. Փաստաբան
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը այսօր հարցաքննության ժամանակ ասել է, որ չի ընդունում նախաքննական մարմնի առաջ քաշած կասկածները, Aysor.am-ին տեղեկացրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
«Ինչում, որ իրեն կասկածել են, չի ընդունում, անհիմն է համարում: Նշել է, որ ինքը այդ զենքի հետ առնչություն չունի», - ասաց փաստաբանը:
Քալաշյանը նշեց, որ այլ տվյալներ հարուցված քրեական գործի վերաբերյալ չի կարող փոխանցել՝ ելնելով նախաքննական գաղտնիությունից ու փաստաբանական էթիկայի կանոններից:
Հարցին, թե արդյոք բողոքարկելո՞ւ է Բաբայանի ձերբակալության որոշումը, Քալաշյանը պատասխանեց. «Չէ, ձերբակալության որոշումը չեմ բողոքարկելու, թող քննությունն իր հունով գնա, տեսնենք՝ ինչ է լինելու»:
Նշենք, որ երեկ ԱԱԾ լրատվական կենտրոնը տեղեկություն էր տարածել, թե օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ավելի ուշ ԱԱԾ-ից տեղեկացրին, որ այս քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Սամվել Բաբայանը և ևս երկու անձ:
Ըստ աղբյուրի, կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։