23/03/2017 14:39
Դաշինքի խաղաղության ծրագիրը շատ լուրջ ընդունվում է ժողովրդի կողմից. Լևոն Զուրաբյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից առաջարկվող Խաղաղության ծրագիրը շատ դրական է ընդունվում քաղաքացիների կողմից, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի անդամ, պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
«Հայաստանն, ըստ էության, պետք է ընդունի միջազգային հանրության կողմից ներկայացված Ղարաբաղյան կարգավորման պլանը: Այն հենց այնպես չէ ձևավորվել, այն Միսնկի խմբի համանախագահները մշակել են բանակցելով և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի հետ տարիներ շարունակ, և դրանով միջազգային հանրությունը հնարավոր է համարում Ղարաբաղյան հարցի կարգավորումը», - խոսելով Խաղաղության ծրագրի էության մասին՝ ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց` իրենք ունեին մտավախություն, որ ծրագիրը դժվարությամբ կընդունվի ժողովրդի կողմից, սակայն այդ մտավախությունները չարդարացան:
«Թվում էր, թե այս գաղափարը դժվար էր ընկալվելու ժողովրդի կողմից, հատկապես տասնյակ տարիների ուղեղների լվացման ժամանակաշրջանից հետո, երբ իշխանական պրոպագանդան տարիներ շարունակ ժողովրդին փորձել է համոզել, որ Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է, որևէ փոխզիջման գնալու կարիք չկա և այլն: Սակայն հիմա տեսնում ենք, որ մեր ծրագիրը շատ լուրջ ընդունվում է ժողովրդի կողմից ու ունի լուրջ հենք: Դա նախ և առաջ ռացիոնալ մարդիկ են, ովքեր ունեն իրողությունները սթափ գնահատելու կարողություն», - ասաց Լևոն Զուրաբյանը` մասնավորեցնելով, որ նրանց թվում շատ են բիզնեսմեններն ու զինվորականները:
«Բանակը ամենասթափն է գնահատում ստեղծված իրավիճակը», - ամփոփեց Կոնգրես-ՀԺԿ ներկայացուցիչը: