23/03/2017 13:02
Խոսրով Հարությունյանը խոսել է վարչապետի վարկանիշի և հոլիվուդյան ժպիտի մասին
Ճիշտ չէ, որ քաղաքական ուժերից գրեթե ոչ մեկը չի հրապարակում, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն խորհրդարանական ընտրություններին հաջողություն գրանցելու դեպքում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա Խոսրով Հարությունյանը նշեց, որ թյուր է մամուլում տարածված այն կարծիքը, թե իբր ՀՀԿ-ն թաքնվում է վարչապետի թիկունքում, որն ի տարբերություն Հանրապետականի՝ մեծ վարկանիշ ունի:
«Ասում են՝ ՀՀԿ-ն թաքնվում է մեծ վարկանիշ ունեցող վարչապետի թիկունքում, դրա համար էլ վարչապետը ստանձնել է քարոզարշավի պատասխանատվությունը: ՀՀԿ-ն ոչ թե թաքնվում է նրա թիկունքում, այլ հրապարակավ հայտարարում է՝ ահա այն մարդը, որ եթե մեզ վստահեք, ստանձնելու է ամբողջ պատասխանատվությունը», - ասաց նա:
Հարությունյանն ընդգծեց, որ եթե մնացած քաղաքական ուժերը քննադատում են վարչապետին՝ պնդելով, որ նա իմիջ է ստեղծում հասարակությանը դուր գալու համար, ապա կարող են նույն օրինակին հետևել:
«Գիտեք, յուրաքանչյուր ոք իր սեփական իմիջն ու վարկանիշը ձևավորելու իր ոճն ունի: Վարչապետը, թե՛ իր արտաքինով, թե՛ նիստուկացով, թե՛ հագուկապով, բավականին համակրելի անձնավորություն է: Դա փաստ է: Նույնիսկ, ասում են, հոլիվուդյան ժպիտ ունի, է լավ, որ մարդն էդպիսի ժպիտ ունի, փոխի՞ ժպիտը: Անցյալ օրը մեկն ասում է՝ պատկերացնո՞ւմ ես նենց բաներա ասում, որ իրեն հավատան: Այ քեզ բան, բա ի՞նչ անի էդ մարդը, գնա ասի՝ ինձ մի հավատա՞: Արդեն մենք ծայրահեղությունների մեջ ենք», - ասաց նա: