23/03/2017 14:48
ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության բացառիկ մանրամասներն՝ առաջին աղբյուրից
ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունից շուրջ երկու տասնամյակ է անցել, սակայն մինչև այսօր էլ շատ հարցեր անպատասխան են մնում, որոշ հարցերի պատասխաններ էլ թերահավատությամբ են ընդունվում: «Փաստինֆո»-ի լրագրողը զրուցել է գործի վերաբերյալ ամենաիրազեկված անձի՝ նախաքննություն իրականացրած, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ալբերտ Մարգարյանի հետ:
-Պարոն Մարգարյան͵ 1998թ. օգոստոսի 6-ին տեղի ունեցավ աննախադեպ հանցագործություն` երկրի գլխավոր դատախազի սպանություն՝ իր իսկ աշխատասենյակում։ Ըստ պաշտոնական վարկածի ` նրա սպանությունն իրականացրել էր տրանսպորտի դատախազի տեղակալ Արամ Կարապետյանը, ապա ինքնասպանություն գործել: Այս վարկածի նկատմամբ առ այսօր որոշակի թերահավատություն կա: Իհարկե͵ շատ տարիներ են անցել͵ բայց հարցերի հարցը հետևյալն է . ինչպե՞ս էր զինված Կարապետյանը հայտնվել դատախազի աշխատասենյակում և ո՞րն էր սպանության շարժառիթը:
-ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ժ. Խառատյանի կողմից կազմված քննչական խմբի կողմից: Առաջ են քաշվել մի շարք վարկածներ, կատարվել է բազմակողմանի և խորացված քննություն, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, կատարվել են բազմատեսակ և բազմաբնույթ քննչական ու դատավարական գործողություններ , կատարվել է մեծածավալ աշխատանք:
Ձեռք բերված ապացույցների համալիր վերլուծությամբ հիմնավորվել է, որ, իրոք, Հ. Խաչատրյանի սպանությունը կատարել է Արամ Կարապետյանը գլխավոր դատախազի աշխատասենյակում, որից հետո նույն աշխատասենյակում և նույն հրազենով Ա. Կարապետյանը ինքնասպան է եղել:
Մի քանի խոսք սպանության շարժառիթի մասին: Նախ նշեմ, որ Արամ Կարապետյանը ոչ թե տրանսպորտի դատախազի տեղակալն էր, այլ` ՀՀ գլխավոր դատախազության`դատարաններում քրեական գործերի դատական քննության և դատավճիռների, վճիռների և որոշումների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ: Իսկ դրանից առաջ մի քանի տարի աշխատել էր ՀՀ տրանսպորտի դատախազ:
Հ. Խաչատրյանի և Ա. Կարապետյանի փոխհարաբերությունները մինչև դեպքը եղել են նորմալ, կոռեկտ և պաշտոնական: Դեպքին նախորդած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ /ներկայիս` ՀՀ ոստիկանության / Տրանսպորտի վարչության քննչական բաժնում քննվող մի քրեական գործի նախաքննության շրջանակում պարզվել էր , որ ՀՀ տրանսպորտի դատախազությունում խարդախության փաստով նախկինում հարուցված և վարույթը կասեցված մեկ քրեական գործ անհետացել է: Ընդ որում, տրանսպորտի դատախազությունում խարդախության փաստով հարուցված և վարույթը կասեցվելուց հետո չպարզված հանգամանքներում անհայտացած քրեական գործով անցնող մեղադրյալը եղել է այն նույն անձը, ում վերաբերյալ արդեն նոր քրեական գործ է քննվելիս եղել ՀՀ ՆԳՆ տրանսպորտի ՆԳ վարչության քննչական բաժնում:
Հ. Խաչատրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում պարզվեց , որ տրանսպորտի դատախազությունում Ա. Հովհաննիսյանի վերաբերյալ վարույթը կասեցված հիշյալ քրեական գործը «անհայտացել է» այն ժամանակահատվածում, երբ տրանսպորտի դատախազը հանդիսացել է Արամ Կարապետյանը: Գլխավոր դատախազի կողմից Ա. Կարապետյանի առջև հստակ հարց է դրվել` կամ գտնել «անհայտացած» քրեական գործը, կամ դիմում գրել և ազատվել ՀՀ դատախազության համակարգից:
Ա. Կարապետյանը ոչ միայն դիմում գրելու և համակարգից ազատվելու մտադրություն չի ունեցել, այլ ավելին, հույսեր էր փայփայել, որ դեպքից մի քանի ամիս հետո / 1999 թ. հունվարին/ դատախազության մարզային կառույցներ ձևավորվելուց հետո աշխատանքի կնշանակվի որևէ մարզի դատախազությունում, ուստի խնդրանքով նույնիսկ դիմել էր այնպիսի անձանց /անգամ մոսկվայաբնակ/, ովքեր կարող էին միջնորդել և իր համար բարեխոսել Խաչատրյանին: Եվ նրանցից ոմանք Հ. Խաչատրյանի հետ խոսել էին, սակայն դրական արդյունքի չէին հասել:
Դեպքի օրը Ա. Կարապետյանը որոշել է անձամբ մտնել ՀՀ գլխավոր դատախազի մոտ և բացատրել իրավիճակը:
Սակայն, ինչպես պարզվեց քրեական գործի հետագա քննությամբ, նրանց միջև զրույցը ոչ միայն պատշաճ հունով և կոռեկտ չէր ընթացել, այլ ընթացել ու զարգացել էր փոխադարձ հանդիմանություններով, կշտամբանքներով և վիրավորանքներով: Այդ զրույցի ընթացքում Ա. Կարապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի հետ մի քիչ ավելի «ազատ» և «անկաշկանդ» խոսելուն նպաստել էր նաև այն հանգամանքը , որ դեռ 1980-ական թթ. վերջերին և 90-ական թթ. սկզբներին նրանք եղել են գործընկերներ, քանի որ Հ. Խաչատրյանը աշխատել է Էրեբունու, իսկ Ա. Կարապետյանը` Արաբկիրի շրջանի դատախազ, և այդ ճակատագրական զրույցի ժամանակ Ա. Կարապետյանը իրեն իրավունք է վերապահել խոսել այսպես կոչված երբեմնի հավասարը հավասարի իրավունքով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։