23/03/2017 13:50
Մարուքյանը Ծակքար գյուղի բնակիչներին բացատրել է՝ ովքեր են իրական ընդդիմադիրները
ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը այսօր Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում բնակչությանը տեղեկացրեց, որ Հայաստանում ընտրական այնպիսի տեխնոլոգիաներ են ներդրված, որ երկրում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել «2 րոպեի ընթացքում»:
«ԵԼՔ դաշինքի թիվ 1 քվեաթերթիկը վերցնելով` մենք բոլորով կարող ենք իշխանափոխություն իրականացնել», - գյուղացիներին իշխանափոխության ձևերը բացատրեց Մարուքյանը:
Նրա խոսքով` ԵԼՔ դաշինքն այն ուժն է, որը և քաղաքական, և մարդկային, և ինտելեկտուալ պոտենցիալ ունի Հայաստանում ստանձնել իշխանություն:
ԵԼՔ դաշինքին Մարուքյանը համարում է «միավորված ընդդիմություն», որը բացառում է իշխանությունների հետ որևէ կոալիցիայի ձևավորումը:
«Մեզ ասում էին, թե էլի կան ուժեր, որոնք բացառում են իշխանությունների հետ կոալիցիայի ձևավորումը ու, որպես օրինակ, բերում «Ծառուկյան» դաշինքին: Ուրեմն երեկ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը հարցազրույց է տվել ու չի բացառել, որ կմիանան Հանրապետական կուսակցությանը», - ասաց Մարուքյանը:
Անցնելով մյուս քաղաքական ուժերին՝ Մարուքյանն ասաց, որ Դաշնակցություն կուսակցությունը պաշտոնապես ՀՀԿ-ի ձևավորած կոալիցիայի մաս է, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ չի բացառել ՀՀԿ-ի հետ կոալիցիայի ձևավորումը:
«Իսկ մյուս ուժերն էլ, ժողովուրդ ջան, ցավք սրտի, թե բարեբախտաբար, հնարավորություն չունեն արգելքն հաղթահարել: Մենք վստահորեն կրկնում ենք, որ ԵԼՔ դաշինքը միակ ընդդիմադիր բևեռն է», - հայտարարեց Մարուքյանը: