23/03/2017 12:49
Սամվել Բաբայանը հարցաքննվում է
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս պահին հարցաքննվում է, Aysor.am-ին տեղեկացրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
«Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, հարցաքննություն է ընթանում, ես հիմա ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել», - ասաց փաստաբանը:
Հարցին, թե, ինչ է կարծում, հնարավո՞ր է մեղադրանք առաջադրվի Սամվել Բաբայանին, փաստաբանն ի պատասխան ասաց, որ այս պահին կատարվածի մասին որևէ բան չի կարող ասել:
Նշենք, որ երեկ ԱԱԾ լրատվական կենտրոնը տեղեկություն էր տարածել, թե օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ավելի ուշ ԱԱԾ-ից տեղեկացրին, որ այս քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Սամվել Բաբայանը և ևս երկու անձ:
Ըստ աղբյուրի, կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։