23/03/2017 17:26
Նոր ստարտափը հայաստանյան գյուղերի բնակիչներին կտրամադրի իրենց համար անհրաժեշտ տեղեկատվություն
Ֆրանսիայում ամեն բան արվում է ՏՏ-ն էլ ավելի զարգացնելու համար «Ֆրանկոֆոն ստարտափները և թվային նորարարությունը» խորագրով տնտեսական հանդիպմանը նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Մենք փորձում ենք հետամուտ լինել արդի աշխարհի զարգացումներին: Հայաստանի և Ֆրանսիայի համար թվային տեխնոլոգիաները գերակայություն է», - նշեց դեսպանը:
Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան նշեց, որ Ֆրանսիայում մի շարք ոլորտներ առցանց են և հասանելի: Որպես օրինակ բերեց այն, որ յուրաքանչյուր ֆրանսիացի կարող է իր ունեցվածքը կամ եկամուտները առցանց հայտարարագրի, որպեսզի ըստ այդմ սահմանվեն իրենց համար պետական հարկերը:
Հանդիպմանը ներկա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն իր ելույթում կարևորեց նման ստրատափային ծրագրերը, որոնք կարող են ոչ միայն լինել որպես նորամուծությունների սկիզբ, այլև երկրներին և ժողովուրդներին կապող օղակ:
Բուն քննարկմանը Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում ՏՏ արտադրանքի և ենթակառուցվածքների հարցերով պատասխանատու Սասուն Սոժին ներկայացրեց Ֆրանսիայում 2012 թվականին ընդունված օրենք, որը վերաբերվում է թվային տեխնոլոգիաներին և կոչվում է «Թվային հանրապետության մասին օրենք»: Նա ընդգծեց, որ այդ օրենքը առաջին անգամ Ֆրանսիայում համամշակվել է «open goverment» (բաց կառավարման սկզբունքով), այսինքն՝ քննարման համար օրինագիծը տեղադրվել է կայք, որտեղ քաղաքացիները և բլոգերները հնարավորություն են ունեցել անել իրենց առաջարկները: Այդ օրենքի 20 հոդված կազմված է քաղաքացիների առաջարկների հիման վրա:
Սասուն Սոժին հատուկ ընդգծեց, որ Ֆրանսիան 2016 թվականի վերջին հյուրընկալել է «Բաց կառավարության» գագաթաժողովը:
Քննարկմանը ներկա էր նաև «WICASTR»-ի՝ յուրահատուկ ստարտափի գլխավոր տնօրեն Արմին Սաիդին, ով պատմեց իրենց ծրագրի և Հայաստանում գործունեության մասին: Նրա խոսքով՝ իրենց թիմը մշակել է խելացի հարթակ, որի նպատակն է միացնել, այսպես կոչված, սպիտակ կետերը: Դրանք ինտերնետ ծածկույթից զուրկ տարածքներ են. նման կետեր կան ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ գյուղերում: Իրենց կողմից մշակվել է «Smart Router» սարքը, որը պարունակում է որոշակի բովանդակություն՝ տեղեկատվական, կրթական, զբոսաշրջային, առևտրային և այլն, որին կարելի է հեշտությամբ միանալ սարքերով, որոնք ապահովում են վայ-ֆայ:
Հիմա այդ ընկերությունն աշխատում է Հայաստանի երեք գյուղերում, որտեղ տեղադրվել են 12 սարք:
Արմին Սաիդի խոսքով՝ գյուղի բնակիչների 80%-ն ունի սմարթֆոն, սական միայն 10-15%-ը՝ ինտերնետ կապ, իսկ հիմա՝ իրենց սարքերի միջոցով՝ 40-60% օգտվում է դրանցից: