23/03/2017 22:48
ՕՐՕ դաշինքը հանձնառու է մինչև վերջ պաշտպանել Սամվել Բաբայանի իրավունքները. Րաֆֆի Հովհաննիսյան
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվել է իր քաղաքական հայացքների համար, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Սամվել Բաբայանը նստած է իր քաղաքացիական և քաղաքական հայացքների համար, որովհետև ինքը համակիր է մեր դաշինքին։ Մեր դաշինքը հանձնառու է մինչև վերջ պաշտպանել գեներալ Բաբայանի իրավունքները։ Փորձում են վախեցնել դաշինքը այս քայլով», - ասաց Ր.Հովհաննիսյանը։
Նշենք, որ երեկ ԱԱԾ լրատվական կենտրոնը տեղեկություն էր տարածել, թե օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ավելի ուշ ԱԱԾ-ից տեղեկացրին, որ այս քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Սամվել Բաբայանը և ևս երկու անձ:
Ըստ աղբյուրի, կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։