23/03/2017 23:14
ՕՐՕ դաշինքը հետընտրական զարգացումներ է ծրագրում. «Ոչ մի երաշխիք չունեմ, որ չի լինի արյուն»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում է, որ իրականացնելու է թղթի վրա մնացած անցյալի կիսատ հաղթանակները։
«Այսօր կա պայքարի համար կրիտիկական զանգված, կա աջակցություն սփյուռքից։ «Թղթի վրա մնացած անցյալի կիսատ հաղթանակները մենք պատրաստ ենք ի կատար ածել այս անգամ։ Դա մեր պարտականությունն է։ Մեր առջևում է աննախադեպ մի շրջան։ Հայ հասարակությունը պետք է ազատագրվի, եթե ընտրությամբ է՝ կլինի ապրիլի 2-ը, իսկ եթե չէ՝ կլինի 3-ից սկսած։Բոլոր եղանակներով սահմանադրական հեղափոխություն, որը ենթադրում է քաղաքացիական և քաղաքական բոլոր ուժերի միասնություն, դիմադրության օջախներ, եթե այս կուսակցապետությունը նորից դիմի իր կեղծիքի, բռնության մեքենային», - ասաց Ր.Հովհաննիսյանը «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով, այս անգամ պետք է օգտագործվեն «ընդվզման և ինքնապաշտպանության բոլոր եղանակները»։
«Մենք պատրաստ ենք կանգնելու, հուսով եմ առանց արյան։ ...Ոչ մի երաշխիք չունեմ, որ չի լինի արյուն։ Հույս ունեմ որ մարտի 1-ի ելք չի լինի», - ասաց Ր.Հովհաննիսյանը։