23/03/2017 18:35
Կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման նախապայմանները
Գործադիրը հավանություն է տվել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին: Հիմնավորման համաձայն՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները թեև որոշակիորեն կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ, սակայն դեռևս առկա են օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը:
Մասնավորապես, առկա են կամավորական աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու ոչ լիարժեք իրավական կարգավորումներ, կամավորի և կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորման բացակայություն: Հայեցակարգով նախատեսվում է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում, որով կսահմանվեն կամավորական աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու մեխանիզմները, կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման, կամավոր աշխատանքների խթանման, քաղաքացիական հասարակության կյանքում վերջինիս դերի բարձրացման նախապայմանները:
Առանձնահատուկ խնդրահարույց դեպքերում համապատասխան մարմնի կողմից (կազմակերպության) եռօրյա ժամկետում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սահմանված տեղեկությունները տրամադրելու պարտադիր նորմն ապահովելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախարարությունը, դրանք ստանալու դեպքում, անմիջապես տեղեկացնում է սոցիալական աջակցության համապատասխան տարածքային մարմիններին: Սոցիալական աջակցության տարածքային մարմինն սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում է բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան:
Խումբը գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում: Ընդ որում, վերացվում է տվյալների փոխանակման հիմնական խոչընդոտը` գաղտնիությունը, սահմանվում է, որ դրանք փոխանակվելու են ծածկագրերի միջոցով: