23/03/2017 17:42
Կբարելավվի ներդրումային միջավայրը. Կարեն Կարապետյանը կարևորել է ԱԱՀ-ի վերադարձը
Կառավարության հավանությանն է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Ինչպես նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում: Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա: Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված: