24/03/2017 17:04
Եկեք մնանք ԵԱՏՄ-ում, շարունակենք վատ որակով ապրանքներ արտադրել ու դոփել տեղում. «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ
Այն, ինչ մեզ տալու էր Ասոցացման համաձայնագիրը, չի տվել ու չի տալու ԵՏՄ-ն, այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած նախնտրական քննարկմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը:
«Այսօր պնդում են, որ ԵՏՄ-ն մաքուր տնտեսական միություն է, այդ դեպքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետերն ինչու՞ ապրիլից հետո հրաժարվեցին գալ Երևան ու այստեղ մասնակցել ԵՏՄ նիստին՝ նշելով, որ դրանով կնեղացնեն Ադրբեջանին: Շուրջ 80 տոկոս զենքն Ադրբեջանը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալներով երկրորդ տեղում Բելառուսն է ու սա մաքուր տնտեսական միության դեպքում», - ասաց Անժելա Խաչատրյանը:
Նա նշեց՝ այո, ԵՏՄ-ն չէ մեղավոր, որ Հայաստանում կա ստվերային տնտեսություն և կոռուպցիա, սակայն ԵՏՄ երկրները չեն տալիս նաև հակառակի արժեհամակարգը:
«Դե եկեք մնանք ԵԱՏՄ-ում, շարունակենք վատ որակով ապրանքներ արտադրել ու մնալ: Եկեք դոփենք տեղում ու զարգացում չապահովենք: Եթե ուզում ենք զարգացում, պետք է ձգտել միանալ զարգացման կենտրոններին», - ամփոփեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը: