24/03/2017 13:50
Պետք է զարկ տալ ռազմարդյունաբերությանը՝ թույլ տալով, որ դրա վրա աշխատեն մասնավոր ընկերությունները. «Ելք» դաշինքի ներկայացուցիչ
Տնտեսության ոլորտում «Ելք» դաշինքը որպես հիմնական դրույթներ սահմանել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտը, այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկմանն ասաց դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:
«Բարձ տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար մեր երկիրն ունի բոլոր ռեսուրսները, բայց կան խոչընդոտներ: Դրանցից մեկը կրթության համակարգն է, որը շատ թույլ է ու չի համապատասխանում ներկայիս շուկայի պահանջներին», - ասաց Գևորգ Գորգիսյանը:
Ինչ վերաբերում է արդյունաբերությանն, ապա, նրա խոսքով, Հայաստանը հումք արտահանող երկրից պետք է վերածվի ապրանք արտահանող երկրի:
«Սյունիքի մարզում կսահմանվեն հարկային արտոնություններ մետաղաձուլական ընկերությունների համար: Զարկ կտրվի քիմիա արդյունաբերությանը, որի արդյունքում հումքից կստանանք վերջնական արտադրանք ու կարտահանենք արդեն դա: Նախատեսում ենք Կապանից Իրան գնացող երկաթգծի կառուցում կարճ ժամանակահատվածում, որը կապահովի արտահանումները Իրան», - ասաց Գևորգ Գորգիսյանը:
Նա ընդգծեց՝ այնուամենայնիվ, այս բոլոր դրույթները չեն իրագործվի, եթե չսկսեն մենաշնորհների վերացման ու կոռուպցիայի դեմ պայքարից:
«Նախատեսում ենք նաև զարկ տալ ռազմարդյունաբերությանը, ինչը կբերի և՚ արդյունաբերության, և՚ գիտության զարգացման: Կա ամերիկյան փորձ, երբ ռազմական նշանակության պրոյեկտները բաժանվում են մասերի, ապառազմականացվում են և իջեցվում շուկա, դրա վրա կարող են աշխատել նաև մասնավոր ընկերություններ», - ամփոփեց Գևորգ Գորգիսյանը: