24/03/2017 13:02
«Տարոն-Ավիա»-ն պլանավորում է չսահմանափակել թռիչքները միայն Ռուսաստանի տարածքում
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը պլանավորում է իր թռիչքները չսահմանափակել միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում։
«Հույս ունենք, որ թռիչքները չեն սահմափակվի միայն Ռուսաստանի Դաշնությունում: Հունիսից հնարավոր է ցանկը մեծացվի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը։
«Մենք ուրախ ենք, որ կառավարությունը հետամուտ լիելով իր կողմից ներկայացված դրույթներին, ստեղծեց նախադրյալներ «Շիրակ» օդանավակայանը զարգացնելու համար։ Օգտվելով այդ հնարավորությունից՝ փորձում ենք չվերթներ իրականացնել։ Հույս ունենք, որ այդ քայլը դրական ազդեցություն է ունենալու և՛ Հայաստանի տնտեսության վրա, և՛ ողջ ազգաբնակչության համար կլինի դրական քայլ, կնպաստի տուրիզմի զարգացմանը», - ասաց Լևոն Քարամյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ ավիատոմսի երթուղու անդորրագրի մեջ ուղևորին հետաքրքրող տեղեկությունը բացի անգլերեն և ռուսերեն տարբերակներից նաև հայերենով է նշված լինելու։
«Ակնկալում ենք, որ հիմնական ուղևորահոսքը կլինի Շիրակի մարզի և հարակից շրջանների կողմից։ Պլանավորել ենք հունիսից ավելացնել թռիչքների ուղղությունները՝ Գյումրի-Սոչի-Գյումրի, Գյումրի-Մոսկվա-Գյումրի», - տեղեկացրեց Լևոն Քարամյանը։
Ընկերության կոմերցիոն տնօրենն ասաց, թե հաշվի առնելով, որ նախընտրած չվերթները կարճ են, ուղևորին սնունդ չի տրամադրվելու, լինելու է միայն ըմպելիք։