24/03/2017 11:35
ԱՄՆ Սենատ է ներկայացվել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ օրինագիծ
ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների սենատորները Սենատ են մտցրել օրինագիծ, որը նախատեսում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացում՝ բալիստիկ հրթիռների արձակումների և այլ գործողություների պատճառով։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։
Օրինագիծն ունի ընդունվելու բարձր շանսեր։ Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ անձանց նկատմամբ, որոնք մասնակից են բալիստիկ հրթիռների փորձարկումներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահակազորի կազմավորումների նկատմամբ։ ԱՄՆ-ում կարծում են, որ պահակազորն օժանդակում է ահաբեկչական գործունեությանը։
Բացի այդ, փաստաթուղթը պահանջում է ԱՄՆ նախագահից կալանք դնել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ունեցվածքի վրա, ովքեր ներգրավված են գործունեության մեջ, որը խախտում է Իրանին զենք մատակարարելու էմբարգոն։