24/03/2017 14:34
Բելառուսում ձերբակալված ակտիվիստներին մեղադրում են երկրում հեղաշրջում պատրաստելու համար
Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ ձերբակալվել է «Սպիտակ լեգիոն» և «Երիտասարդ ճակատ» շարժումների 26 ակտիվիստ: Հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգություններին մասնակցության մասին հոդվածով:
Բելառուսական հատուկ ծառայությունները պնդում են, որ ձերբակալվածները հեղաշրջման փորձ էին պատրաստում «Ուկրաինայից գրոհայինների» աջակցությամբ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բելառուսում ձերբակալությունները սկսվել էին մի քանի օր առաջ, սակայն մինչև օրս հատուկ ծառայությունները պաշտոնական մեկնաբանություններով հանդես չէին եկել: Լրագրողները և ընդդիմությունը կասկածներ են հայտնում ձերբակալվածների մասին պետական ալիքներով հեռարձակվող տեղեկությունների հավաստիության վերաբերյալ:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ձերբակալված ակտիվիստները պատրաստվում էին զենք օգտագործել փողոցային ակցիաների ժամանակ: