24/03/2017 13:21
Ես ասել եմ իշխանությա՞ն հետ եմ կոալիցիա կազմելու. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանն այսօր Վեդիում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ անդրադարձավ կոալիցիա կազմելու մասին իր հայտարարությանն՝ ասելով, որ շատերի կողմից այն ճիշտ չի մեկնաբանվել:
«Վայքում հարց են տալիս՝ Պարոն Ծառուկյան, եթե 50+1 չհավաքեք հնարավոր ա՞ կոալիցիա կազմեք, ասում եմ՝ իհարկե, հանրավոր ա, բայց եթե, ասենք, ես 47 տոկոս եմ հավաքում, որևիցե ուժի հետ կարամ կազմեմ, որ որոշողը մենք լինենք, օրենք, մարդ փոխողը, համակարգ ստեղծողը: Ասում են՝ հա, տեսեք Ծառուկյանն ինչ ասեց: Այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ ասեց Ծառուկյանը, ասեց եթե 50+1 չահավաքեմ, ես կորոշեմ, ում հետ եմ կազմում կոալիցիա, ես ասել եմ իշխանությա՞ն հետ եմ կազմելու», - ասաց նա:
Ծառուկյանը կոչ արեց հիշել 2012 թվականը, երբ իրեն առաջարկեցին շահավետ պայմաններով կոալիցիա կազմել, մինչդեռ ինքը հրաժարվեց.
«2012-ին Ծառուկյանը կարար չէ՞ իշխանության հետ կոալիցիա կազմեր, 37 պատգամավոր ուներ, 6-7 նախարար էին տալիս, 4 մարզպետ, ասի՝ չեմ ուզում, խի՞ չեմ ուզում, որովհետև ժողովրդին խոսք տված խոստումս չէի կարա կատարեի: Ես իմ վստահությունն ու հավատը ժողովրդի մոտ չէի ուզում կորցնեի ու այդպես էլ եղավ: Ես ոչ գումարի, ոչ էլ պաշտոնի կարիք ունեմ», - նշեց Ծառուկյան:
Նա նաև հորդորեց լավ մտածել ընտրություն կատարելիս, որովհետև սխալ ընտրություն կատարելու դեպքում ժողովուրդն ավելի վատ վիճակում կհայտնվի, որի համար պետք է մեղադրի միայն ինքն իրեն. «Եթե մեր առաջարկած 15 կետերը չկատարվեն, ավելի վատա լինելու», - հավելեց նա: