24/03/2017 12:26
«Շիրակ» օդանավակայանից ապրիլի 25-ին կիրականացվի Գյումրի-Կրասնոդար-Գյումրի թռիչքը
Ապրիլի 25-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը։
«Առաջին թռիչքը պլանավորել ենք կատարել ապրիլի 25-ին՝ Գյումրի-Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը։
Նրա խոսքով՝ թռիչքը կատարվելու է Boeing 737-500 մակնիշի ինքնաթիռով, որը համապատասխանում է ավիացիայի վարչության կողմից սահմանված բոլոր տեխնիկական պահանջներին։ Ինքնաթիռը կրելու է դերասան Մհեր Մկրտչյանի անունը։
«Ավիաընկերությունը 3 ինքնաթիռ ունի, այս պահին դրանք գտնվում են Հորդանանում՝ տեխնիկական սպասարկման մեջ», -տեղեկացրեց Գառնիկ Պապիկյանը։
Նրա խոսքով, Գյումրի-Կրասնոդար ուղղության մեկ տոմսի գինը 75 եվրոյին համարժեք դրամ է, իսկ Կրասնոդար-Գյումրի ուղղությունը՝ 60 եվրոյին համարժեք:
Տնօրենն ասաց, որ գնի մեջ մտցված են բոլոր տուրքերը, 7 կգ ձեռքի բեռը, ինչպես նաև 25 կգ անվճար ուղեբեռ։
Հետագայում թռիչքներ են իրականացվելու նաև Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի ուղղություններով։
Ավիաընկերության տնօրենը նշեց, որ սակագների մասին հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն։