24/03/2017 13:13
Նոր հարթակը կապահովի ԵՄ-ԵԱՏՄ-Մերձավոր Արևելք ուղղություններով տնտեսական համագործակցության էական բարձրացում. Գագիկ Մինասյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական ծրագիրը հիմնված է երեք հիմնական ոլորտների վրա՝ բարձրացնել հանրային միջոցների կառավարման արդյունավետությունը, ներդրումային լուրջ քաղաքականություն ստեղծել և առավել զարգացնել տնտեսական համագործակցությունն Իրանի և Վրաստանի հետ, այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը:
«Ինչպե՞ս պետք է առավել արդյունավետ ծախսել հանրային միջոցները: Առաջին կարևորագույն հանգամանքը, որ մենք առանձնացնում ենք, դա կատարողական հիմնական ցուցանիշների սահմանումն է պետական կառավարման բոլոր մարմինների համար, դրանց վերահսկողությունը քաղաքացիական հասարակության, խորհրդարանի և հանրության կողմից՝ սա ամենակարևորն է: Երկրորդ կարևորագույն դրույթը՝ ներդրումային լուրջ քաղաքականության ստեղծումն է, որովհետև առանց ներդրումների դժվար է պատկերացնել, որ մեր ապրանքները կդառնան մրցունակ միջազգային շուկաներում, մենք պետք է կարողանանք մեր ներդրումները կտրուկ ավելացնել: Խոշոր ներդրումների համար պետք է ստեղծվեն կառույցներ, որոնք մոնիտորինգ կանեն ու խնդիրների համար կառաջարկեն լուծումներ: Մեր մրցակցային առավելությունը մեր կազմակերպվածությունը պետք է լինի: Երկու հանգամանքի պատճառով ներդրողները, կարծես թե, հրապուրված չեն լինելու մեր երկրում ներդրումներ կատարելով՝ չհայտարարված պատերազմ և տրանսպորտային սահմանափակումներն են: Երրորդ ոլորտը ընդգծված տնտեսական քաղաքականության խորացումն է մեր երկու անմիջական հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ, հատկապես, Իրանի հետ սահմանին նոր ազատ տնտեսական գոտու ստեղծումը», - ասաց Գագիկ Մինասյանը:
Նա անդրադարձավ նաև օրերս Եվրամիության հետ ստորագրված նոր համաձայնագրին:
«Այդ համաձայնագիրը թույլ է տալիս ստեղծել նոր հարթակ, որը կապահովի Եվրամիություն-Եվրասիական միություն-Մերձավոր Արևելքը ուղղություններով տնտեսական համագործակցության էական բարձրացում: Դրա միջոցով կլուծվեն այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ մեր արևմտյան և արևելյան հարևանների միջոցով մեզ պարտադրվում էինք», - ամփոփեց ՀՀԿ ներկայացուցիչը: