24/03/2017 17:51
Ի՞նչ էիք ուզում, որ 200 մլն վարկով զենքը գա անցնի մեր պատուհանների տակով ու մարդիկ էլ նկարեն գցեն Instagram ու Youtube. Կարեն Բեքարյան
ԵԱՏՄ-ն մեր անվտանգության վրա չունի ուղղակի, սակայն ունի անուղղակի ազդեցություն, օրինակ, ՀԱՊԿ անդամակցությունը, այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած քաղաքական քննարկմանն ասաց ՀՀԿ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Օրինակ, մենք ունենք զեղչային քաղաքականություն զենքի վաճառքի հետ կապված ու դա, համեմատելով հակառակ կողմի հնարավորությունների հետ, շատ կարևոր է: Բացի այդ՝ դու այդ զենքը պե՞տք է չէ տեղափոխես: Եթե դու ԵԱՏՄ անդամ չես, մաքսատուրքը բարձրանում է, եթե դու ԵԱՏՄ անդամ ես, զեղչին գումարվում է հնարավորությունն առանց մաքսատուրքի բերելու», - ասաց Կարեն Բեքարյանը:
Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագրին՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ դրանում ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո հաջորդիվ նախատեսվում է հարաբերությունների վերանայում ՀԱՊԿ-ի հետ.
«Հաջորդ քայլով՝ այս տեմպերով ՀԱՊԿ-ից էլ ենք դուրս գալիս, եթե դա արկածախնդրություն չէ՞ մեր անվտանգային միջավայրում, ուրիշ ի՞նչ անվանում ունի», - նշեց Կարեն Բեքարյանը:
Քննարկման մասնակիցների դիտարկմանը, թե այս կոնտեքստում ի՞նչ եղավ ՌԴ-ից 200 մլն վարկի պայմանագրով գնված զենքի հետ, ՀՀԿ ներկայացուցիչը պատասխանեց.
«Ի՞նչ էիք ուզում, որ այդ 200 մլն վարկով զենքը գա, անցնի մեր պատուհանների տակով ու մարդիկ էլ նկարե՞ն գցեն «Instagram» ու «Youtube»: