24/03/2017 18:20
Ուզում եմ կանգնեմ Վիգեն Սարգսյանի կողքը, իմ փորձը փոխանցեմ, աջակցեմ. Կոմանդոս
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածու Վիգեն Սարգսյանի կողքին է, որովհետև կան զինակից ընկերներ, ովքեր ցանկանում են տեսնել իրեն:
«Վիգեն Սարգսյանը զինվորական չէ, և մի քանի անգամ հանդիպելուց, զրուցելուց հետո ես հասկացա, որ իր ղեկավարությամբ մեր բանակն ավելի կուժեղանա: Նրա աշխարհայացքը ավելի լայն է, իսկ ասածները ավելի ռեալ են», - «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Կոմանդոսը:
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ապա ըստ Կոմանդոսի, նա իր հերոսական կերպարը ցույց տվեց 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ: «Ինքը շատ բան արեց, որ զինվորի դերը բարձրացավ», - նկատել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ Վիգեն Սարգսյանը ցանկանում է առաջին գծում փոփոխություններ կատարել, ինչը իրատեսական է: «Ես էլ ուզում եմ կողքը կանգնեմ, իմ փորձը փոխանցեմ, աջակցեմ: Ես դեմ եմ, որ զինվորականները զբաղվեն քաղաքականությամբ», - ասել է Տեր-Թադևոսյանը:
Դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարը զբաղեցնում է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղը, արդյոք մտավախություն չկա՞ որ բանակը կներքաշվի քաղաքականության մեջ, Կոմանդոսը արձագանքել է.
«Դե հիմա ես Վիգեն Սարգսյանի հետ մասնակցում եմ քարոզարշավին, մի անգամ մի զորամաս մտե՞լ ենք, զինվորների հետ խոսացե՞լ ենք: Թող մեկը ասի, որ Արկադի Իվանովիչը և նախարարը մտել են զինվորների մոտ ու ասել քվեարկեք Հանրապետական կուսակցության օգտին: Նման բան չկա: Մենք միայն հանդիպում ենք մեր ազատամարտիկների հետ»:
Փոխարենը Արկադի Տեր-Թադևոսյանն ասել է, որ նախկինում եղել է՝ զինվորներին ուղղորդեն քվեարկել իշխող կուսակցության՝ ՀՀՇ-ի օգտին: