24/03/2017 12:31
Էդուարդ Շարմազանովը պետք է ընդդիմություն դառնա. Արմեն Մարտիրոսյան
Ալավերդի քաղաքում մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» քարոզարշավը: «Ժառանագություն» կուսակցության փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ «չնայած բոլոր խոչընդոտներին, որոնք իշխանությունը ստեղծում է»՝ իրենք շարունակելու են պայքարը:
«Իշխանությունն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում մեզ համար: Դա էլ քիչ չէր, մեր հերոս աջակցին բռնեցին, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք մեր քարոզարշավը», - նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ Սեյրան Օհանյանը, շարունակելու են պայքարը, քանի որ մի կողմ դրեցին բոլոր տարաձայնություններն ու միավորվեցին:
Նշենք, որ Ալավերդի քաղաքից է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որի մասին Արմեն Մարտիրոսյանը նշեց.
«Ալավերդիից է նաև մեր լավ ընկեր Էդուարդ Շարմազանովը: Նա պետք է ընդդիմություն դառնա, եթե ուզում է, որ Ալավերդին զարգանա», - ասաց Ա.Մարտիրոսյանը: