24/03/2017 12:38
Վարդան Բոստանջյան. 6 տոկոսն էդ ի՞նչ աճ է, որ չապահովենք
Պետական կառավարման համակարգում հանգրվանել են բազմաթիվ ծույլ մարդիկ, որոնց այդ տեղը մենք կոչում ենք աշխատատեղ, այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն՝ ի պատասխան հարցի՝ արդյոք դաշինքի կողմից խոստացած աշխատավարձերի բարձրացումը չի բերի աշխատատեղերի կրճատման:
«Պետական կառավարման համակարգում հանգրվանած բազմաթիվ ծույլ մարդիկ կան ու մենք դա կոչում ենք աշխատատեղ: Երկրին պետք է աշխատատեղ, որտեղ գտնվողն արդյունք է ստեղծում», - ասաց Վարդան Բոստանջյանն՝ ակնարկելով, որ հենց դրանց կրճատման շնորհիվ էլ հնարավոր է իրականացնել աշխատավարձերի բարձրացում:
Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում իրականացնել 6 տոկոս տնտեսական աճի խոստումը, Վարդան Բոստանջյանն արձագանքեց՝ «6 տոկոսն էդ ի՞նչ աճ է, որ չապահովենք»:
«Ես հասկանում եմ՝ ինչ է կատարվում, զգալով, որ «Ծառուկյան» դաշինքը հրապուրիչ ու գրավիչ է հասարակության համար, այլ ուժերը փորձում են մեզ նսեմացնել, դա ծիծաղելի է: Իսկ տնտեսական աճը կապահովենք աշխատանքի հաշվին, օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտում», - ասաց Վ, Բոստանջյանը: