24/03/2017 19:31
ՕՐՕ-ն տնօրենների ձայնագրությունների հետքերով կդիմի ԿԸՀ՝ չեղյալ ճանաչելու ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը այսօր Սպիտակում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը:
«ՕՐՕ-ն կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ չեղյալ ճանաչելու Հանրապետական կուսակցության մանսակցությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին», - հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը «օպերացիա» է իրականացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ 100-ից ավելի դպրոցների ու մանկապարտեզղների տնօրեններ ստիպողաբար աշխատում են ՀՀԿ-ի համար:
Արմեն Մարտիրոսյանը բոլոր ուժերին հորդորեց միասին ստորագրել այդ թուղթը և ուղարկել ԿԸՀ:
«Եթե ոչ միասին, ապա գոնե առանձին-առանձին ստորագրեք ու ուղարկեք ԿԸՀ», - դիմելով քաղաքական ուժերին՝ հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը այսօր հրապարակել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցանկ, որտեղ ներկայացվել էին նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ, երբ տնօրեններն ասում են, որ Հանրապետական կուսակցության համար իրենք ցուցակներ են հավաքել:
Ավելի ուշ Հանրապետական կուսակցությունը արձագանքել էր կազմակերպության ներկայացրած տեղեկատվությանը՝ անընդունելի համարելով «սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից»: