24/03/2017 12:24
Ֆիյոնն Օլանդին մեղադրել է քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է այն բանում, որ նա, չարաշահելով իր դիրքը, նպաստում է վարկաբեկիչ նյութերի արտահոսին՝ իր ընտրվելը կանխելու նպատակով, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
Ֆիյոնը, մասնավորապես, նշել է, որ իշխանության վերահսկողության տակ գտնվող թերթերը փաստաթղթերն ստացել են Ազգային ժողովի իր առանձնասենյակում խուզարկության ժամանակ դրանց առգրավումից 48 ժամ հետո:
«Ով է նրանց տրամադրում այդ փաստաթղթերը», - հարց է տալիս նա:
Երբ Ֆիյոնին հարցրել են, թե, նրա կարծիքով ով է դրա համար պատասխանատվություն կրում` այս կամ այն քաղաքական գործիչները թե արդարադատության համակարգը, թեկնածուն հայտարարել է. «Ես ավելի հեռու կգնամ, ես մեղադրում եմ հանրապետության նախագահին»:
Դրան ի պատասխան՝ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Օլանդն «ամենախիստ կերպով դատապարտում է Ֆիյոնի շինծու մեղադրանքները»:
«Գործադիր իշխանությունը երբեք չի միջամտել որևէ դատական ընթացակարգի և միշտ անվերապահորեն հավատարիմ է եղել դատական իշխանության անկախությանը», - ասված է հայտարարության մեջ: